Օձի ճակատամարտ
Թվական | 602 |
---|---|
Մասն է | Հայ-պարսկական պատերազմներ |
Վայր | Օձ քաղաք |
Արդյունք | Հայոց կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Գայլ Վահան | Միհրան |
Կողմերի ուժեր | |
անհայտ | 30 հազար |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Օձի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 602 թվականին։ Նույն թվականին պարսից արքայի հրամանով Հայաստան է ներխուժում Միհրան զորավարը՝ 30 հազարանոց զորքով։ Պարսիկների դեմ դուրս է գալիս Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանի որդին՝ Վահան Մամիկոնյանը։ Սակայն նա անմիջապես ռազմական գործողություններ չի սկսում, քանի որ Վահան Մամիկոնյանը դիմում է ռազմական խորամանկության։ Նա մեկնում է պարսից ռազմաճամբար և իր հպատակությունը հայտնում Միհրանին, ստանում նրա բանակից 4 հազարանոց զորաբանակ, որը, իբր թե, օգտագործվելու էր հոր դեմ ապստամբության ժամանակ։ Սակայն Վահանը 4-հազարանոց բանակով ծուղակի մեջ է գցում պարսիկներին և հաղթանակ տանում։ Հետագայում Գայլ Վահանը ստեղծում է նմանատիպ այլ ծուղակներ ևս[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]590-ական թվականներին միջազգային դրությունը նշանակալի փոփոխություններ է կրում, որը նպաստավոր իրավիճակ է ստեղծում Բյուզանդիայի համար։ Պարսկաստանում գահակալական կռիվներ էին ընթանում, որտեղ Բյուզանդիայի օգնությամբ գահի վրա կարողանում է հաստատվել Խոսրով Բ Փարվեզը։ Նրան օգնելու համար Բյուզանդիան զորք է ուղարկում Արևելք, որին աջակցում էր նաև 15 հազարանոց հայկական բանակը՝ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Խոսրովը գահը զավթելուց հետո, ի նշան երախտագիտության, 591 թվականին Հայաստանի մի շարք տարածքներ զիջում է Բյուզանդիային, որը հայոց պատմագիտության մեջ հայտնի է որպես Հայաստանի երկրորդ բաժանում։ Բյուզանդիայի կայսր Մորիկի մահից հետո նրա գահը ժառանգում է Փոկասը, որի օրոք Խոսրովը փորձում է վերականգնել Պարսկաստանի նախկին սահմանները։ Մինչև ակտիվ ռազմական գործողությունների սկիզբը, Խոսրովը փորձում է Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանին իր կողմը քաշել, սակայն մերժում է ստանում[1]։
Ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]602 թվականին պարսից 30 հազարանոց զորքը, որի ղեկավարն էր Միհրանը, շարժվում է դեպի Հայաստան։ Տարոնի բնակչությունը կարողանում է դիմադրություն կազմակրեպել և ամրանալ Մեղտի, Աստղունք (Աստեղունս) և Ողական ամրոցներում։ Պարսիկները սպանում են Սուրբ Կարապետ վանքի 7 հոգևորականներին։ Այս գործողությունների դեմ պայքարը ղեկավարում էր Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանը, որը սակայն շուտով իր զորքի ղեկավարությունը հանձնում է որդուն՝ Գայլ Վահանին[1]։
Առաջին փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանձնելով հայոց զորքերի հրամանատարությունը՝ Գայլ Վահանը դիմում է ռազմական խորամանկության։ Նա ներկայանում է պարսից զորավար Միհրանին և նրան հավաստիացնում, որ ցանկանում է ապստամբել հոր՝ Մուշեղ Մամիկոնյանի դեմ։ Պարսից զորավարը հավատում է նրան և իր 30 հազարանոց բանակից 4 հազար զինվոր տրամադրում նրան, որի միջոցով Վահանը պետք է գրավեր մոտակա Օձ ամրությունը։ Սակայն այստեղ պարսիկներին ծուղակ էր սպասվում։
Սա պարսիկների նկատմամբ հաղթանակ տանելու մաս-մաս ծրագիր էր, որն իրականացվել է բերդաքաղաքի մատույցների մոտ[1]։
Երկրորդ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օձում ստեղծված ծուղակի միջոցով հայերը կարողանում են որոշ առավելություն ստանալ, սակայն դա ռազմական գործողությունների սկիզբն էր։ Որպեսզի վերացնեն 4 հազարանոց զորաջոկատի հետքերը, Վահանը հրամայում է իր Խարձքում գտնվող ստորաբաժանմանը գնալ պարսից բանակ և շտապ ևս 2 հազարանոց զորք խնդրել, որպեսզի ի վիճակի լինեն հաղթել հակառակորդին։
Մինչ ստորաբաժանումը Միհրանից օժանդակ զորք էր խնդրում, Վահանը պարսիկների ռազմամաթերքը և հագուստը բաժանում է հայերին։ Երբ պարսից օժանդակ ուժերը հասնելիս են լինում բերդաքաղաք, Գայլ Վահանը դիմավորում է նրանց և հայտնում, որ ճակատամարտը հաղթված է։ Անուշադրության մատնվելով՝ պարսկական զորքերը շարժվում են բերադաքաղաք՝ այն թալանելու նպատակով։ Նույն պահին Գայլ Վահանը 20 հոգու ուղարկում է պարսից բանակ՝ Միհրանին հայտնելու, որ բերդը գրավված է։ Պարսիկներն արդեն բերդաքաղաքում էին, երբ սկսեցին կասկածել, որ դա ծուղակ է։ Հենց այդ պահին փակվում են բերդի պարիսպները և դարան մտած հայերը սկսում են կոտորել ծուղակում հայտնված պարսիկներին։ Իսկ զորքի այն մասը, որը դեռևս չէր հասցրել մտնել բերդ, Գայլ Վահանի ղեկավարած ուժերը նրանց վրա են հարձակվում և ստիպում նահանջել դեպի ճահճուտը, որտեղ էլ պարսիկները շրջապատվում են և ոչնչացվում։
Երրորդ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ծուղակ-ճակատամարտի երրորդ փուլն իրագործելու համար Գայլ Վահանը հաջորդ օրն առավոտյան ուղևորվում է պարսից զորավար Միհրանի մոտ և հայտնում նրան, որ պարսիկները չեն ցանկանում իրենց զորավարի հետ կիսել հարուստ կողոպուտը։ Այդ «ապստամբներին» ճնշելու համար Միհրանը նախ որոշում է տրամադրել 1000 հոգանոց հեծյալ գունդ, սակայն հետագայում, հավատալով Գայլ Վարդանի չափազանցումներին, նա զորքի թիվը կրկնապատկում է։ Վահանը, չունենալով բավարար ուժեր այս հեծյալ զորքերին բացահայտ գրոհելու համար, որոշում է նրանց վրա հարձակումներն իրականացնել գիշերը։ Նախօրոք այդ զորքը կիսելով երկու մասի՝ Վահանը գիշերային երկու գրոհներով հաղթանակ է տանում պարսիկների նկատմամբ։
Հետագա դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայլ Վահանի կողմից կրած պարտություններից հետո պարսից զորքը հեռանում է Տարոնից։ Գայլ Վահանը մինչև կյանքի վերջ՝ 606 թվականը, շարունակում է ազատագրական պայքարը Տարոնում։